Լոռի բերդ կամ Լոռե բերդը գտնվում է Ստեփանավանից մոտ 5 կմ հյուսիս-արևելք՝ Ձորագետի ձախ ափին։ Հիմնադրվել է Դավիթ Անհողինի կողմից, թվագրվում է մոտավորապես՝ 1005 – 1020 թվականներին։ 1065 թվականին, Շամշուլդե քաղաքը վրաց Բագրատ Դ թագավորին զիջելուց հետո, Կյուրիկե Ա-ն (1049—1089 թթ.) Լոռին դարձրեց Կյուրիկյան թագավորության մայրաքաղաք:
Գտնվելով հյուսիսային առևտրական ճանապարհի վրա՝ Լոռին միջնադարյան Հայաստանում եղել է առևտրաարհեստագործական խոշոր կենտրոն: Առևտրական ճանապարհներով կապված էր Անիի, Դվինի, Դմանիսի, Տփղիսի և այլ քաղաքների հետ: XI— XIII դդ. ունեցել է շուրջ 10 հզ. բնակիչ: Քաղաքի առաջին պարսպի մեջ պարփակված տարածությունը (մոտ 9 հա) միջնաբերդի դեր է կատարել: 1105 թվականին Լոռին կարճ ժամանակով գրավեցին սելջուկները, 1118 թվականին՝ վրացական զորքերը, այն իր շրջակա հողերով դարձավ վրաց Օրբելիների կալվածքը: 1185 թվականին անցավ Սարգիս Զաքարյանին, իսկ նրա մահից հետո՝ որդիներին՝ Իվանե և Զաքարե Զաքարյաններին:
1236 թվականի հունիսին մոնղոլական բանակը Չաղատա Նուինի գլխավորությամբ գրավեց և հիմնահատակ ավերեց քաղաքը, կողոպտեց Շահնշահ Զաքարյանի գանձերը, ավերեց Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը: 1430-ին Լոռիին տիրում էին հայ Օրբելյանները: 1562—1734 թվականներին Լոռին, որպես ռազմական կարևոր ամրոց, անցել է մե՛րթ թուրքերին, մե՛րթ պարսիկներին, երբեմն՝ վրացիներին: XVIII դ. վերջին Լոռին կորցրեց բերդի նշանակությունը, դարձավ սովորական ամրոց, ուր բնակություն հաստատեցին տարբեր վայրերից տեղահանված գաղթականներ, և հենց միջնաբերդում առաջացավ համանուն գյուղը, որը 1926—1930 թվականներին ամայացավ (այժմ Լոռիից մոտ 2 կմ հեռավորության վրա տարածված է Լոռի բերդ գյուղը):
Լոռի բերդը ընդգրկում է 35 հա տարածություն, փռված է ընդարձակ, հրվանդանանման, ծովի մակարդակից 1490 մ բարձրություն ունեցող սարահարթի վրա, Ձորագետի և դրա վտակ Միսխանայի միջև, որոնց խորը կիրճերը երեք կողմից անմատչելի են դարձրել ամրոցը: Միջնաբերդի համեմատաբար դյուրամատույց կողմից՝ հյուսիս-արևմուտքից ձգվել է 214 մ երկարությամբ, իրար հաջորդող կլոր և քառանկյունի աշտարակներով պարիսպ, որի հյուսիս-արևմտյան անկյունում է միակ մուտքը: Պարսպի լայնությունը տեղ-տեղ հասել է 20, բարձրությունը՝ 20—25 մ: Պարսպի երկարությամբ Փորվել է ջրի խանդակ: Միջնաբերդի պարսպից մոտ 500 մ հյուսիս-արևմուտք ձգվել է քաղաքի պարիսպը, որը համարյա չի պահպանվել:
Բացի բնական արգելքներից, միջնաբերդի կիրճերում կառուցվել են նաև արհեստական պատնեշներ: Սկզբում Կյուրիկյանները, ապա՝ Զաքարյաններն ու նրանց հաջորդները Լոռիում կառուցել են պալատներ, եկեղեցիներ, բաղնիքներ, արվարձանները քաղաքից բաժանող կիրճերում՝ կամուրջներ, կանգնեցրել խաչքարեր: Կառուցվել է նաև գետնուղի, որը հասել է մինչև Միսխանա գետն ու ավարտվել աշտարականման կառույցով: Այն օգտագործել են արտաքին աշխարհի հետ կապ պահպանելու և անհրաժեշտության դեպքում խմելու ջուր ձեռք բերելու համար:
Լոռիում 1966 թվականից հնագիտական ուսումնասիրություններ է կատարում Երևանի պետական համալսարանի արշավախումբը: Պեղվել են XI—XIII դդ. 2 բաղնիք` մեկը բաղկացած է հանդերձարանից, 3 լողասրահներից, հնոցից և սառը ջրի ամբարից, մյուսը՝ հանդերձարանից, լողասրահից և ջեռուցարանից: Բաղնիքների լողասրահները և հանդերձարաններն ունեն կրկնակի հատակ, որոնց միջից անցնող հնոցի ծուխն ու գոլորշին տաքացրել են վերին հատակը, պատերը ներսից պատված են ջնարակած աղյուսի բազմագույն սալիկներով:
Բացվել են նաև երկհարկանի պալատական կառույց (պահպանված է միայն աոաջին հարկը), 2 ջրավազան (շատրվաններով), որոնք ներսից պատվել են բազմագույն ջնարակապատ սալիկներով: Ավազաններում ջրի մակարդակը կարգավորվել է համապատասխան խողովակով, որով ավելացած ջուրը հասել է Ձորագետի կիրճը: Պեղված է Դավիթ Անհողինի կնոջը վերագրվող մատուռ-դամբարանը, որը ներսում ունեցել է 4 զույգ որմնասյուների վրա հենվող 4 խաչաձևվող կամարներ, որոնց հատման տեղից սկսվել է գմբեթը: Գմբեթի շաղախի մեջ, ծածկի լիցքը թեթևացնելու նպատակով, դրվել են կավանոթներ: Բնակելի թաղամասում բացված տներից առանձնապես ուշագրավ է մեկը, որի պատերի որմնանկարներն, ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են:
Հնավայրում պահպանվել է ուղղանկյուն հատակագծով մի կառույց, որի ներքին տարածությունը բաժանված է 6 մասերի՝ ծածկված գնդաձև առագաստների վրա հենվող երկթեք, ընդհանուր կտուրի տակ առնված գմբեթներով: Հարավային պատի մեջ դրված միհրաբի քարը ապացույց է, որ այն եղել է մահմեդական մզկիթ (XIV— XV դդ.): Լոռիի համար շինաքար է ծառայել տեղական բազալտը: Քաղաքին կավե խողովակներով խմելու ջուր է մատակարարվել 5 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրներից, իսկ տեխնիկական ջուր՝ խողովակաշարի վրայով հոսող բաց առվով: Լոռիից գտնվել են աշխատանքի գործիքներ, զենքեր, զարդեր, կավե բազմապիսի անոթներ և ծխամորճներ, ապակե ջրամաններ, ճենապակյա, հախճապակյա, ոսկրե և քարե առարկաներ, դրամներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ Լոռիում զարգացած են եղել արհեստների բազմաթիվ ճյուղեր: Կան նաև այլ երկրներից (մասնավորապես՝ Վրաստանից, Պարսկաստանից, Միջին Ասիայից և Միջագետքից) ներմուծված առարկաներ:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ԲՈՎԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Բովաձոր բնակավայրի շրջակայքը հարուստ է գեղեցիկ անտառներով և լեռնային արահետներով, որոնք իդեալական են արշավների և արկածային զբոսաշրջության համար։
Բովաձոր բնակավայրում է գտնվում ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող աղբյուր-հուշարձան, իսկ գյուղից 300-400 կմ հեռավորության վրա՝ ք․ ա․ 3-1 հազարամյակների Դամբարանադաշտը։, Ինչպես նաև ԽՍՀՄ հերոս՝ Իվան Բոնդարևի կիսանդրին վեր է խոյանում գյուղի դպրոցի բակում։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ՀՈՎՆԱՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Գյուղի հյուսիսարևմտյան մասում է գտնվում Սբ. Սարգիս մատուռը (19-րդ դար)։ Գյուղից քիչ հեռու՝ ձորակի մեջ, կա հին հայկական գերեզմանոց։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ՍՎԵՐԴԼՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Սվերդլով բնակավայրում է գտնվում տուֆից և բազալտից կերտած 5-7-րդ դարերի լավ պահպանված Ս. Գևորգ եկեղեցին: Եկեղեցին հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում և հարավային մուտքի առջև կառուցվել է զանգակատուն: Եկեղեցու նեղ և ձգված դահլիճը չորս զույգ որմնանյութերով և թաղակիր կամարներով բաժանվում է հինգ հատվածի:Կիսաշրջանաձև հատակագծով խորանի երկու կողմերում աբսիդներով ուղղանկյուն ավանդատներ են:
Գյուղից մոտ 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Դորբանտավանքը (6-րդ դար)։ Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի ինքնատիպ ու արժեքավոր հուշարձաններից է: Հուշարձանի արևելյան և արևմտյան խաչաթևերը հյուսիսային և հարավային խաչաթևերից երկար են և լայն, որի շնորհիվ կառույցը ստացել է շեշտված ձգվածություն՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ: Գմբեթատակ հիմքը ոչ թե քառակուսի է, այլ՝ ուղղանկյուն, իսկ գմբեթաթաղը՝ ձվաձև: Ներքուստ կիսաշրջանաձև խորանները արտաքուստ բազմանիստ են: Արևելյան, հյուսիսային և հարավային խորանները ավարտվում են գմբեթարդով, իսկ արևմտյանը՝ կիսագլանաձև թաղով: Արևելյան խորանի երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն հատակագծով երկու ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Հուշարձանը կառուցված է դեղնականաչավուն ֆելզիտի սրբատաշ մեծաչափ քարերով, իսկ որոշ հատվածներ՝ սև տուֆով: Դորբանտավանքը իր հատակագծային յուրօրինակ լուծումով և ճարտարապետական առանձնահատկություններով կարևոր տեղ է գրավում վաղմիջնադարյան եռախորան հուշարձանների շարքում:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ՈՒՌՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Ուռուտ բնակավայրում պահպանվել է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի, որը XIX դարում վերանորոգվել է։ Սուրբ Սարգիս եկեղեցին ամբողջապես վերականգնվել է 2018թ. Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նախաձեռնությամբ, ճարտարապետ Սուրեն Աբովյանի նախագծով։ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, քահանաներ՝ Տեր Մամբրե Ոսկանյանի և Տեր Ղազար Թորոսյանի կողմից կատարվեց խաչի օծման արարողություն, այնուհետև խաչը տեղադրվեց եկեղեցու տանիքին։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ԼԵՋԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Լեջան բնակավայրում է գտնվում 5-րդ դարում կառուցված և 1892 թվականին վերակառուցված Կարմիր Վանք եկեղեցին։ Այն վերականգնվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի նապաձեռնությամբ, վերականգնող ճարտարապետ Սուրեն Աբովյան։Լեջան բնակավայրի եկեղեցու վերանորոգումն իրականացվել է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հովանավորությամբ։ Ընդհանուր առմամբ գյուղում են գտնվում երկու գերեզմանոց և երեք խաչքար։ Գոմեր տանող ճանապարհին է գտնվում Ք. ա. 4-3-րդ հազարամյակների դամբարանատեղի։ Գյուղի մեջ է գտնվում մեկ հուշաղբյուր և 2-րդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Կողեսն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն։ 2004 թվականի դրությամբ Հայաստանի պատմության և անշարժ հուշարձանների ցանկում ընդգրկվել է 20 միավոր հուշարձանախումբ ընդհանուր 54 հուշարձան[5]։
Ցանկում ներառված են մ․թ․ա․ 2-ից 1-ին հազարամյակով թվագրվող դամբարանադաշտ, 6-րդ դարով թվագրվող կոթող, միջնադարով թվագրվող «Տուտկադուռ» կոչվող գյուղատեղին, 10-ից մինչև 17-րդ դարերով թվագրվող թվով 5 եկեղեցիներ (ավերակ և կիսավեր), 10-ից մինչև 13-րդ դարերով թվագրվող թվով 3 մատուռներ (ավերակ և կիսավեր), 12-ից 13-րդ դարերով թվագրվող կամուրջ, 10-ից 13-րդ դարերով թվագրվող քարայր-կացարան, 12-ից 17-րդ դարերով թվագրվող թվով 5 գերեզմանոցներ բազմաթիվ խաչքարերով, տապանաքարերով, թևավոր խաչերով և պատմամշակութային այլ հուշարձաններ[5]։
Հուշարձաններից առավել հայտնի է Տուտիկ իշխանի խաչքար-հուշակոթողը, որը թվագրվում է 1241 թվականով[1][5]։
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ՅԱՂԴԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Յաղդան բնակավայրի շրջակայքում պահպանվել են եկեղեցի 17-րդ դար, մատուռներ, գերեզմանոց՝ խաչքարերով 13-17-րդ դարեր, գյուղատեղիներ, կամուրջ 13-րդ դար:
ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ, ԱԳԱՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Ագարակ բնակավայրում կան սուրբ Աստվածածին (V-VI դդ.), “Ճգնավոր” (XIX դ.), սուրբ Սիոն եկեղեցիներ և “Դարմանաթաղ” մատուռ համանուն գյուղատեղիում (միջնադար)։
Գյուղի համար կարևոր նշանակություն ունի Ճգմավոր անունը կրող մատուռը։ Այն գտնվում է քարանձավի մեջ, որը թունելով ձգվում է մինչև Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն թունելը ներկա պահին չի գործում։
Facebook
Location on Google Maps
YouTube