Ս.թ. հունվարի 14-ինՙ ժամը` 11:00-ին Լոռի Բերդի համայնքապետարանում կայացավ հանրային լսում: Լսմանը ներկա էին՝ համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ և համայնքի բնակավայրերի թվով 50 բնակիչներ (մասնակիցների ցուցակը և տեսաձայնագրությունը կցվում է):
Լսումը վարեց Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, արձանագրեց՝ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անի Մարտիրոսյանը: Լոռի Բերդ համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը լսմանը ներկա համայնքի բնակչությանը ներկայացրեց ԼոռիԲերդհամայնքի 2024 թվականի բյուջեիկատարման տարեկան և 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման հաշվետվությունները:
Լսման սկզբում, ողջունելով ներկաներին` Լոռի Բերդ համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը շնորհավորեց համայնքի բնակիչների Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով հաջողության և բուռն աշխատանքային տարի: Այնուհետև համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը ներկայացրեց 2024 թվականի ձեռքբերումներն ու ձախողումները:
Ձախողումներից նշեց, որ համայնքը կառավարությանը ներկայացրել է սուբվենցիոն երեք ծրագիր, սակայն հաստատվել է ծրագրերից միայն մեկը: Ձախողվել է նաև KFW գերմանական բանկի կողմից իրականացվող՝ Ագարակ և ՈՒռուտ բնակավայրերի ջրագծերի հիմնանորոգման աշխատանքները: Հայտարարվել է մրցույթ, մասնակցել է մեկ շինարար, և ձախողվել է այն պատճառով, որ մեկ մասնակցով շինարարության հաղթող չի ճանաչվում:
Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը ձեռքբերումներից նշեց, որ 2024 թվականի սեպտեմբեր ամսվանից սկսվել են ճանապարհաշինական աշխատանքները և մոտավորապես 70% աշխատանքները կատարված են: Շարունակելով ձեռքբերումները համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը նշեց նաև, որ հաջողություն է գրանցվել նաև սեփական եկամուտների հավաքագրման հարցում: Համայնքի բոլոր ինը բնակավայրերը լիովին կատարել են իրենց առջև դրված պարտականությունները` գրանցելով սեփական եկամուտների հավաքագրում՝ 100 և ավելի տոկոսով, որի շնորհիվ մեր համայնքը մարզում զբաղեցնում է առաջին տեղը:
2025 թվականին կատարվելիք աշխատանքներից համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը նշեց, որ ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվելու նաև Ագարակ և Ուռուտ բնակավայրերում, իսկ գիշերային լուսավորության ծրագիրը հույս ունենալով, որ կհասցնեն ավարտի:
Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը խոսքը փոխանցեց աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարգարիտա Հովսեփյանին: Մ. Հովսեփյանը նախ սեփական եկամուտները ներկայացրեց թվերով, այնուհետև ներկայացրեց 2024 թվականի Լոռի Բերդ համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը՝ ըստ տնտեսագիտական և գործառնական դասակարգման: Այնուհետև համայնքի ղեկավար Ա. Ներսիսյյանը բնակիչներին տեղեկացրեց, որ նախորդ տարիներին, ինչպես և 2024 թվականին Լոռի Բերդ համայնքի բնակիչներին համայնքի կողմից տրամադրվել են սոցիալական օգնություններ` ծնունդների, մահերի, 25-օրյա վարժական հավաքների մեկնած բնակիչների և նորակոչիկիների ընտանիքներին, սակայն 2025 թվականին այլևս համայնքը հնարավորություն չի ունենա հիշյալ օգնությունները տրամադրելու, քանի որ կառավարությունը, այսինքն՝ պետությունը ինքն է հանձն առել իր քաղաքացիներին նման օգնությունների տրամադրման ամբողջական գործընթացը, իսկ համայնքներին պետության կողմից համահարթեցման նպատակով տրամադրվող դոտացիաները պետք է օգտագործվեն միմիայն համայնքի զարգացմանն ու կենսագործունեությանն ուղղված ծրագրերի իրականացմանը, այլ ոչ թե սոցիալական օգնությունների տրամադրմանը:
Համայնքի բնակիչներից մի քանիսը հարցեր ուղղեցին համայնքի ղեկավարին.
Ագարակ բնակավայրի բնակիչ Կորյուն Սաքանյանը հարց բարձրացրեց. ձմեռային եղանակային պայմաններից ելնելով` ճանապարհների մաքրման աշխատանքներ և Ագարակ բնակավայրի նոր գերեզմանատան ցանկապատման աշխատանքներ իրականացվելու՞ են:
Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը պատասխանեց նախ գերեզմանատան ցանկապատման հարցին, ասելով, որ համայնքը պատրաստ է աջակցելու նյութերով և անհրաժեշտ բոլոր միջոցներով, սակայն բնակիչները ևս պետք է պատրաստակամ լինեն որպես աշխատուժ ներգրավելու այդ աշխատանքներին, իսկ ճանապարհների մաքրման աշխատանքների վերաբերյալ հավելեց, որ ճանապարհները համայնքի ենթակայության չեն, սակայն ըստ անհրաժեշտության՝ համայնքի միջոցներով մաքրման աշխատանքներ պարբերաբար իրականացվում են:
Յաղդան բնակավայրի բնակիչուհի Սուսաննա Գյուլզադյանը հարցրեց, թե ե՞րբ է Յաղդան բնակավայրում մանկապարտեզ կառուցվելու:
Համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը պատասխանեց, որ իհարկե շատ կարևոր է և անհրաժեշտ գյուղերում մանկապարտեզների առկայությունը, բայց Յաղդան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի Սվերդլով և Ուռուտ բնակավայրերի մանկապարտեզների շահագործումից հետո:
Լսման վերջում համայնքի ղեկավար Ա. Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին` մասնակցության և համայնքի կատարած աշխատանքների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրվածության համար: