Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

21 մարտի 2023 թվականի N 1

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ, ԱԳԱՐԱԿ, ՅԱՂԴԱՆ ԵՎ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (2-ՐԴ ՓՈՒԼ)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԼՈՌՎԱ ԱՄՐՈՑ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ, ԱԳԱՐԱԿ, ՅԱՂԴԱՆ ԵՎ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ (2-ՐԴ ՓՈՒԼ)

 

ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Լոռի Բերդ

 

Սույն թվականի մարտի 21-ին ժամը` 12:00 Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի համայնքային կենտրոնում տեղի ունեցան Լոռվա Ամրոց ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ, Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերի վարչական տարածքում ՀԷԿ-ի կառուցման ախատանքների և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ  հանրային լսումներ: Լսումները վարեց Լոռի Բերդ համանքի ղեկավար` Արայիկ Ներսիսյանը, իսկ արձանագրությունը կազմեց Լոռի Բերդի համանքապետարանի աշխատակազմի քարտուղար` Անի Մարտիրոսյանը:

 Լսումներին ներկա էին՝ Լոռվա Ամրոց ՍՊ ընկերության փոխտնօրեն Նարեկ Տոնոյանը, ԳԻԴԷՊԻՆՎԵՍ ՍՊԸ-ի գլխավոր ճարտարագետ Էդուարդ Մկրտչյանը, «Լոռվա Ամրոց» ՍՊ ընկերության իրավախորհրդատու Դավիթ Հունանյանը, «Էկո Մենեջմենթ» ՍՊ ընկերության ներկայացուցիչներ` Տարոն Նավասարդյանը և Արթուր Մինասյանը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննական կենտրոնի փորձագետներ՝ Գոհար Մինասյանը, Հովիկ Մեսրոպյանը, ինչպես նաև Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը և գլխավոր մասնագետ Սամվել Խառատյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, շահագրգիռ այլ անձինք (մասնակիցների ցուցակը ստորագրություններով կցվում է):

 Մինչ լսումը սկսելը՝Լոռի Բերդհամայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը նշեց, որ քննարկումներին պետք է կարծիք արտահայտեն և մասնակիցների ցուցակը ստորագրեն ազդակիր համարվող՝ Լոռի Բերդ,Ագարակ, Յաղդան և Կողես բնակավայրերի բնակիչները, քանի որ քննարկվող հարցը անմիջականորեն վերաբերում է տվյալ բնակավայրերին։ Համայնքային համախմբման և աջակցման կենտրոն ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը հարց ուղղեց համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանին, թե ներկա գտնվողներից քանի՞ տոկոսն են կազմում ազդակիր բնակավայրերի բնակիչները։ Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը պատասխանեց, որ ներկաների 20%-ը, և հիմք կհանդիսանան միայն 20%-ի կարծիքը և առաջարկությունները։

  Արայիկ Ներսիսյանը բացման խոսքում նշեց նաև, որ ովքեր ներկա են եղել լսման առաջին փուլին, տեղյակ են, սա արդեն լսման երկրորդ փուլն է, որը նշանակվել է Շրաջկա միջավայրի վրա ազդեցության գահատման փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից և հարցը վերաբերում է Լորիբերդ-2 ՀԷԿ-ին, որը սկսում է Ագարակ և Յաղդան հատվածից, և ընգրկում է Յաղդան, Կողես և Կուրթան բնակավայրերը։ Անցած հանրային լսման ժամանակ հնչեցին տարբեր կարծիքներ, հնչեցին նաև ամբողջական պատասխաններ, սակայն կային հարցեր, որոնց վերաբերյալ ընկերության ներկայացուցիչները չունեին պատասխաններ։ Այսօր կցանկանամ, որ ընկերության ներկայացուցիչները ներկայացնեն ընդհանուր ծրագիրը, և քննարկման ընթացքում ինչ կարծիքներ և հարցեր կառաջանան՝ հարցերի պատասխանները մենք իմանալու ենք միմյանց լսելով։ Այնուհետև խոսքը փոխանցվեցՇրաջկա միջավայրի վրա ազդեցության գահատման փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ, փորձագետ՝ Գոհար Մինասյանին։ Գ. Մինասյանը ներկայացրեց, որ Լոռվա Ամրոց ՍՊ ընկերության կողմից Շրաջկա միջավայրի վրա ազդեցության գահատման փորձաքննական կենտրոն է ներկայացվել Լորիբերդ-2 ՀԷԿ-ի կառուցման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը։ Փորձաքննական կենտրոնի ներկայացուցիչը նշեց, որ առաջին փուլը արդեն տեղի է ունեցել, համայնքը տվել է իր նախնական համաձայնությունը, որից հետո նշանակվել է քննարկման երկրորդ փուլը, իսկ համայնքի ղեկավար՝ ԱրայիկՆերսրսյանը պարզաբանման նպատակով ներկայացրեց, որ փորձագետը ներկայացնում է սխալ, համայնքը համաձայնություն է տվել միայն հետագա լսումների համար։

- Բնակչությանը պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի բնակչության մոտ սխալ կարծիք չստեղծվի, և մութ կողմեր չմնան։ Համայնքում ամեն ինչ բաց է և թափանցիկ, համայնքը համաձայնություն է տվել ոչ թե ՀԷԿ-ի կառուցման` այլ հետագա լսումների համար։ Համայնքը կարծիք կարող է տրամադրել միմիայն բնակչության կարծիքի հիման վրա։ Բնակիչները պետք է արտահայտեն իրենց կարծիքը։ Չորս փուլերի ընթացքում բնակչության կողմից կձևավորվի ընդհանուր կարծիք, թե՞ ինչ են իրենցից ենթադրում այս հանրային լսումները, այդ ամենը ձևավորվելու է բնակչության կարծիքի հիման վրա, պետք չէ շփոթացնել,-ասաց համայնքի ղեկավար` Արայիկ Ներսիսյանը։

   Համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը նշեց նաև, որ չորս անգամ Շրջակա միջավայրի նախարարության կողմից նույնաբովանդակ գրություն է ուղարկվել մարզպետարան, այնուհետև համայնք, իմանալու համար թե համայնքը ի՞նչ կարծիք և դիրքորոշում ունի Լոռվա Ամրոց ՍՊԸ-ի կողմից Լորիբերդ-2 ՀԷԿ-ի կառուցման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ։ Եվ ի պատասխան բոլոր գրություններին՝ պատասխանել ենք, որ վերոհիշյալ նախաձեռնության մասին համայնքը կարող է տրամադրել կարծիք՝ միմիայն բնակչության կարծիքից ելնելով, ինչը պարզ կլինի հետագա լսումների ընթացքում։ Մարզպետարանի ներկայացուցիչները կարող են հավաստել, որ պատասխանը եղել է այն, ինչը որ ասացի, այսինքն ի՞նչ է նշանակում տրամադրեք կարծիք, այսինքն ես ուղղորդե՞մ բնակչին, ես չեմ կարող առանց հանրության որևէ որոշում կայացնել։

  Քնարկման ժամանակ հնչեցին կարծիքներ շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ.

Հարց / Արտակ Դեմիրչյան – Տվյալ խողովակաշարի անցկացման ժամանակ քանի՞ մ3 հողագրունտային զանգված է դուրս գալու և որտեղ պետք է տեղադրվի։

Պատասխան/ Արթուր Մինասյան – Նախագծման փուլում կիրականացվի շինիրականացման նախագիծ, այսինքն մանրամասն կնկարագրվի թե ինչպես է իրականացվելու շինարարության կազմակերպումը, որտեղ արտացոլված կլինի թափոնների կառավարումը, կուտակման վայրերը և տեխնիկայի շահագործման հետ կապված հարցերը։ Այդ ամենը կներկայացվի արդեն հաջորդ փուլում, դա կոչվում է շինարարության կազմակերպման նախագիծ։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Հիմա մենք մասնակցում ենք այն քննարկմանը, որտեղ քննարկվում է փոքր ՀԷԿ-ի կառուցումը՝ արգելված Ձորագետ գետի վրա։ Ուզում եմ հարցնել, թե ինչու՞ ներկայացուցիչները ոչինչ չասացին այն մասին, որ լուրջ վեճ կա կառավարության և ընկերության միջև։ Կառավարությունը մտցրել էր Ձորագետ գետը այդ 25 գետերի ցանկը, որտեղ չի կարելի ՀԷԿ կառուցել։ Վարչական դատարանը ընդունեց որոշում՝ բավարարելով ընկերության հայտը։ Սակայն, կա երկու կարծիք, որը մենք հենց նոր լսեցինք, որ այնտեղ կարմիր գրքում գրանցված ձկնատեսակ չկա։ Այդ կենտրոնի փորձագիտական եզրակացությունը հիմնավորված չէ, և չի բավարարում այդ տեսակ որոշում կայացնելու համար։ Կառավարությունը բողոքարկեց որոշումը վերաքննիչ դատարանին, այդ գործը դեռ ավարտված չէ, նոր-նոր է սկսվում, և ես չեմ հասկանում ի՞նչ հարց ենք քննարկում, եթե այդ գետը մնում է այդ ցանկի մեջ, մինչև դատական գործընթացը չավարտվի՝ մենք չենք կարող որևէ հարց քննարկել ։ Խնդրում եմ պարզաբանում ներկայացրեք։

Պատասխան/ Դավիթ Հունանյան – Նշեմ, որ այս տարվա հունվարի 31-ին վարչական դատարանը անվավեր է ճանաչել 488-Ն հիշյալ որոշումը, որով արգելվել էր` այդ թվում նաև Ձորագետում ՀԷԿ-ի կառուցումը, Ձորագետը ավելացվել է տվյալ ցանկի մեջ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կենտրոնի գրության հիման վրա, որով առաջարկ է ներկայացվել ցանկի մեջ ավելացնել նաև Ձորագետը, քանի որ ըստ գրականական տվյալների՝ այնտեղ հանդիպում է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված ձկնատեսակներից` «Քուռի քարթակը», համապատասխան ապացույցներ են ներկայացվել, երկու տարուց ավել դատական պրոցես է ընթացել։ Եթե կառավարության համապատասխան կայքում նայեք, ապա կտեսնեք, որ կառավարության հիմնավորման որոշումներով կառավարությունը նույնպես ընդունում է, որ դրա հիման վրա է տեղի ունեցել։ Հետևապես կարծում եմ, որ պետք չէ խեղաթյուրել փաստերը։ Դրանից հետո, երբ որոշումը ընդունվում է, մենք դիմում ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական կենտրոնին, նշեմ որ գիտական կենտրոնը գրության մեջ շեշտել էր, որ անհրաժեշտ է իրականացնել ձկնաբանական ուսումնասիրություններ։ Մենք դիմել ենք գիտական կենտրոնին, գիտական կենտրոնը ընդունված մեթոդիկաների կիրառմամբ, որի լիցենզիան Հայաստանում միայն հիշյալ կենտրոնն ունի, կատարել է համապատասխան հետազոտություններ այն հատվածներում, որտեղ որ կառուցվելու է Լոռվա Ամրոց ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀԷԿ-ը, և չի հայտնաբերել Կարմիր գրքում գրանցված որևէ ձկնատեսակ, այդ թվում նաև բնականաբար «Քուռի քարթակը»։ Հետագայում հայտնաբերված նմուշները ուղարկվել են արտերկիր՝ գենետիկական փորձաքննության, և փորձաքննությունը նույնպես հաստատել է, որ դրանք չեն համապատասխանում ո'չ «Քուռի քարթակ»-ի տեսակին, ո'չ էլ Կարմիր գրքում գրանցված որևէ այլ ձկնատեսակին։ Մեր կողմից լրացուցիչ ուսումնասիրությունների և հետազոտությունների  արդյունքում պարզվել է, որ Ձորագետը որ ձկան հիմքով ներառվել է արգելված գետերի ցանկում, այսինքն` «Քուռի քարթակ»-ի հիմքով, այդ ձկնատեսակը վերջին հարյուր տարվա մեջ որևէ պետությունում չի հայտնաբերվել գործնականում։ Այսինքն մենք կարող ենք ողջամիտ ենթադրություն անել, որ այդ ձկնատեսակը այլևս գոյություն չունի։ Այդ ձկնատեսակի վերաբերյալ ներկայումս ինչ նյութ կա՝ բոլորը հիմնված են նախկինում գրված տեսական նյութերի հիման վրա, այսինքն որևէ գործնական հետազոտություն չի կատարվել։ Վարչական դատարանի որոշման հիմքում դրվել էր այն, որով այդ որոշումը անվավեր է ճանաչվել. մարդու իրավունքների ցանկացած սահմանափակում պետք է ուղղորդվի փաստական հանգամանքների պարզմամբ, իսկ փաստական հանգամանքների պարզման հիմքում որպես ապացույց՝ երբևէ չեն կարող դրվել գրականական տվյալներ, ընդհանրապես իրավաբանության մեջ գրականական տվյալները չեն համարվում ապացույց։ Հետևաբար վարչական դատարանը` նաև այդ պատճառաբանությամբ, նշել է, որ որևէ հետազոտությամբ չի հաստատվել, որ այդ ձկնատեսակը գոյություն ունի, ընդհակառակը, հաստատվել է, որ այդ ձուկը գոյություն չունի Ձորագետում։ Բացի այդ, փորձագետը նշեց, որ Կարմիր գրքից բխում է, որ «Քուռի քարթակ»-ը անհետացող տեսակ է, և ինչ վերաբերում է տիկին Զարաֆյանի ասածին, որ դատական վեճ կա, ուզում եմ նշեմ, որ եղել է երկու դատական վեճ, ոչ միայն նորմատիվ ակտի վիճարկումը, այլ նաև մենք վիճարկել էինք Շրջակա միջավայրի նախարարության կողմից մեզ ՋԹ հայտերի մերժումը։ Երկուսն էլ բավարարվել է։

Հարց/ Ինգա Զարաֆյան – Դուք մասնագիտությամբ ձկնաբան չեք, ոչ մի գիտական հոդված դրա վերաբերյալ հրապարակված չէ, չնայած այն որոշմամբ, որով կառավարությունը կազմում էր այդ 25 գետերի ցանկը, որում որ Ձորագետը կա՝ կա շատ հիմնավորված գիտական երկու հոդված, որը գրել է հայտնի պրոֆեսոր, ձկնաբան Սամվել Պիպոյանը, ով ուսումնասիրել է Ձորագետը և մնացած գետերը։ Մենք 4,5 տարի ուսումնասիրել ենք 125 ՀԷԿ-եր՝ իրենց ջրամբարներից մինչև սարքավորումները, և ասեմ, որ Սամվել Պիպոյանի գիտական հոդվածներում ապացուցված է և հիմք է հանդիսանում։

Պատասխան/ Տարոն Նավասարդյան – Ճիշտ եք ասում, մենք ձկնաբան չենք, դրա համար օգտվում ենք ձկնաբանների կարծիքից։ Հիմա մեր ձեռքի տակ առկա է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և գիտոլոգիայի գիտական կենտրոն ընկերության կողմից իրականացված 2010-2019թթ. հաշվետվությունը։ Այդ արշավախմբի մեջ ներառված է եղել նաև մեր կողմից սիրված ձկնաբան` Սամվել Պիպոյանը, և այն եզրակացությունը, որ այդ ձկնատեսակը ներառված չէ և փաստացի չի հայտնաբերվել այդ ժամանակաշրջանում այդ գետում՝ հաստատվել է նաև նրա կողմից։

 Հարց/ Օլեգ Դուլգարյան – Հարցս ուղղված է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնին, քանի որ այդպիսի վեճեր են տեղի ունենում կապված հենց ձեր մեջբերած տվյալների հետ, այդ դեպքում ինչի՞ եք դրական եզրակացություն տվել նախատեսվող գործունեությանը։

Պատասխան/ Գոհար Մինասյան – Մենք դեռևս դրական եզրակացություն չենք տվել, քանի որ հայտը փորձաքննության փուլում է։ Մենք այստեղ ենք նաև ձեր կարծիքները լսելու համար, դեռ նախնական փուլն է ընթանում։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Բայց ընդհանրապես ո՞րն է ձեր կարծիքը հիմա, կոնկրետ որպես քաղաքականություն իրականացնող մարմնի։

Պատասխան/ Գոհար Մինասյան – Հայտը դեռևս փորձաքննության փուլում է, մենք որևէ կարծիք այս պահին չենք կարող հայտնել։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Ամեն դեպքում եթե դուք հաշվի եք առել համայնքի կողմից տրամադրված նախնական կարծիքը, փորձաքննական կենտրոնի գործընթացներով գործընթացը շարունակվում է, այսինքն դուք համարել եք, որ գործընթացը կարող է շարունակվել։

Պատասխան/ Գոհար Մինասյան – Մենք համարել ենք, որ գործընթացը կարող ենք սկսել։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Ի՞նչ հիմքով, այսինքն ձեր բերած տվյալները չե՞ն խոչընդոտում, որպեսզի գործընթացը շարունակվի։

Պատասխան/ Գոհար Մինասյան – Ո'չ, որովհետև օրենքով սահմանված կարգով կա նախնական փուլ, որի ընթացքում մենք պետք է լսենք բոլորի կարծիքը, դրանք ուղարկում ենք համապատասխան գերատեսչություններին, ի մի ենք բերում, հետո նոր հանրային քննարկում ենք կազմակերպում, որից հայտը ուղարկվում է լրամաշակման, տեխնիկական լուծումներ են տրվում կամ տրամադրվում է տեխնիկական առաջադրանք։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Այսինքն՝ ամբողջ պատասխանատվությունը ընկավ համայնքի ղեկավարի վրա, ով տվել է նախնական համաձայնությու՞ն հետագա լսումներ իրականացնելու համար:

Պատասխան/ Գոհար Մինասյան – Ո'չ, համայնքի ղեկավարը տվել է նախնական համաձայնություն, որպեսզի գործընթացը սկսվի։ Գործընթացը սկսվել է, պատասխանատվություն չկա:

Պատասխան/ Տարոն Նավասարդյան – Ներողություն, ես պատասխանեմ, այն փոքր միջադեպը, որը հենց սկզբում տեղի ունեցավ՝ դա զուտ ընկալման արդյունք էր, այսինքն այստեղ մտածել, որ պարոն Ներսիսյանը որպես համայնքի ղեկավար տվել է դրական եզրակացություն՝ պարզապես ճիշտ չի։

  ՊՈԱԿ-ը համարվում է լիազոր մարմին, լիազոր մարմինը կարծիք չի հայտնում, լիազոր մարմինը կամ տալիս է մերժում, կամ դրական եզրակացություն։ Նախնական փուլում որևէ մեկը դրական եզրակացություն չի տալիս։ ՊՈԱԿ-ը ընդամենը ներկայացնում է եզրակացություն, որը իրենից ենթադրում է վարչական ակտ։

Հարց/ Օլեգ Դուլգարյան – Պարոն Նավասարդյան, ես նախարարությանը վերաուղղում եմ հարցս կրկինդուք ասում եք, որ հիմք չեք ունեցել, որպեսզի գործընթացը մերժվի, բայց դուք ինքներդ մեջբերում եք հիմքեր, դրա մասին է խոսքը, եթե այդ ցանկը կա՝ դա մի կողմ եմ դնում, որ ապացուցվել է Ձորագետում ձուկ կա, ձուկ չկա։ Ոնց չեք ունեցել հիմքեր, որպեսզի ձեր մերժումը տաք։ Այդ չեմ հասկանում, ուզում եմ հասկանալ ճնշում է իրականացվել ձեր ՊՈԱԿ-ի վրա թե չէ, իսկ եթե ճնշումներ չեն իրականացվել և դուք ունեք համապատասխան ցանկ, այսինքն այստեղ մի բան կա, կամ ճնշումներ են իրականացվել ՊՈԱԿ-ի վրա, կամ էլ չգիտեմ։ Ես չեմ հասկանում, ինչպես եք ասում, որ հիմքեր չեք ունեցել մերժման համար։

Պատասխան/ Գոհար Մինասյան – Ես քիչ առաջ ասացի, որ փորձաքննությունը իրականացվում է երկու փուլով, որտեղ նախնական համաձայնությունը ստացվել է, որպեսզի անցնի փորձաքննություն։ Փորձաքննության ընթացքում փորձաքննական կենտրոնը կայացնում է հետևյալ որոշումըներց մեկը. նախատեսվող գործունեության իրականացման անթույլատրելիության վերաբերյալ, որը կայացվում է հիմք ընդունելով ՀՀ օրենքով  և իրավական ակտերով սահմանված բնապահպանական պահանջները, հայտը ձեռնարկողին լրակազմման վերադարձնելու, սխալներով կամ թերի ներկայացնելու դեպքում, Ա և Բ կատեգորիաների դեպքում՝ նախատեսվող գործունեությանը տեխնիկական առաջադրանքին համապատասխան ազդեցության գնահատման ենթակա լինելու վերաբերյալ։ Խոսքը դեռևս եզրակացության մասին չէ, նախնական փուլից հետո, եթե կտրվի տեխնիկական առաջադրանք, որը դեռևս չգիտենք, կտրվի՞ տեխնիկական առաջադրանք թե՞ չի տրվի տեխնիկական առաջադրանք,  թե՞ կտրվի անթույլատրելիություն, այդ ամենից հետո, երբ որ կտրվի տեխնիկական առաջադրանք, նոր արդեն կգա փորձաքննության փուլը, որտեղ հաշվետվությունը կփորձաքննվի։ Ըստ օրենքի ձեր նշած փաստարկները հիմք չեն, դա լիազորություն է, որը պետք է իրականացվի, չի կարող չիրականացվել։ Այնպես որ առարկայազուրկ է այդ ձևակերպմամբ զրույցը։

Հարց/ Կարլեն Վերմիշյան – Եթե համայնքի ղեկավարը ինքն իրենով միայնակ որոշում կայացներ, ասեր մերժում եմ կամ համաձայն եմ՝ մեր բնակավայրերի բնակիչներով բոլորով պետք է իրեն մեղադրեինք, ու կասեինք, որ դու ընտրված մարմին ես ու ինչպե՞ս ես միայնակ որոշում կայացնում։ Իսկ որ դուք ասում եք, որ այս հանրային լսմանը պետք է ներկա գտնվեն միայն Լոռի Բերդ, Ագարակ, Կողես և Յաղդան բնակավայրերի բնակիչները՝ ասեմ, որ սա խոշորացված համայնք է, ու ինը բնակավայր կա, ինը բնակավայրերի բնակիչներն էլ կարծիք ունեն արտահայտելու։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած ձկնատեսակներին՝ մենք այս ձորում ապրած ու մեծացած մարդիկ ենք, ճիշտ է, այդ ՀԷԿ-ը վատ կողմեր էլ ունի, որ նայում ենք, բայց լավ կողմեր էլ ունի։ Եթե մեծամասնությունը համաձայն է, որ այդ ՀԷԿ-ը կառուցվի՝ մենք չպետք է ասենք Կարմիր գրքում ինչ է գրված, ինչ չի գրված: Ժողովրդի մեծ մասը աշխատանք է ուզում, բերեք նորմալ ձևով այս մարդկանց աշխատանքով ապահովվենք, մենք էլ ոչ սարերը կքանդենք հանքի տակ կօգտագործենք, ոչ գետերը ՀԷԿ-ի տակ։ Ես հարց ունեմ ՀԷԿ-ի տիրոջը` այսինքն եթե ՀԷԿ-ի տերը թույլտվությունը ստանա ՀԷԿ-ը կառուցելու, բնակավայրերին առանձին-առանձին լավություն չանի։ Ինքը կոնկրետ համայնքում ներդրում անի, համայնքը այդ գումարը ինչպես կցանկանա կտնօրինի։ Եթե ՀԷԿ-ը կառուցվի, արդյո՞ք մեր համայնքի բնակիչները մատչելի գնով էլեկտրաէներգիա կստանան։ Ու դրա համար ի՞նչ պետք է արվի, համայնքապետարանի հետ պայմանագրեր պետք է կնքվե՞ն։ Ես որպես խմբակցության ղեկավար՝ կցանկանամ, որ այդ պայմանագիրը մեզ հետ էլ կնքվեն, կոնկրետ կետ առ կետ նշվի, թե ժողովրդի համար ի՞նչ լավ բաներ պետք է արվի, որ չանելու դեպքում մենք կարողանանք ձեզ դատի տալ, այս ամենը չեղարկենք։

Պատասխան/ Օլեգ Դուլգարյան – Ես չասացի ինչի են մասնակցում, ես ընդամենը համայնքի ղեկավարին հարցրեցի, թե քանի՞ տոկոսն են կազմում ազդակիր բնակավայրերի բնակիչները։

Պատասխան/ Արայիկ Ներսիսյան – Ուրեմն, ես այս հարցին մասնակի պատասխանեմ, քանի որ հարցը բազմաբովանդակ էր. շահագրգիռ և ազդակիր բնակավայրեր այդ երեքն են։Ինչպես համայնքի մնացած բնակիչները, այնպես էլՀայաստանի ցանկացած բնակիչ կարող է իր մտահոգությունը հայտնել, բայց հիմնականում լավ թե վատ կողմերով ՀԷԿ-ը իր գործունեությամբ ինչ խնդիրներ կառաջացնի, կամ ինչ բացասական կամ դրական հետևանքներ կթողնի՝ դա վերաբերում է այդ երեքբնակավայրերին։ Եթե բնակավայրերի համար բարեկեցիկ կյանք ապահովվելու որևէ բան կառուցվի՝ բնական է, որ այդ երեք բնակավայրերում է կառուցվելու, ոչ թե ասենք Սվերդլով կամ Ուռուտ բնակավայրերում։ Այսինքն ովքեր կարող են լավ թե վատ կողմերից տուժեն կամ օգտվեն՝ իրենք են կարծիք արտահայտելու, իրենք են իրենց համաձայնությունը տալու։ Նույնիսկ տարբեր ՀԿ-ներ, մասնագետներ, իրենք ընդամենը կարող են իրենց մասնագիտական աջակցությունը ցուցաբերել։ Մեր բնակավայրերում և ամբողջ համայնքում չկա այն լուրջ մասնագետը, ով կարող է ամբողջական կարծիք հայտնել, և նման մարդիկ, նման մասնագետները իրենց կարծիքով, իրենց խորհուրդներով մեզ ուղորդում են ճիշտ ուղղության։ Կարծիք արտահայտել կարող են բոլորը, բայց վերջնական խոսքը մնում է բնակավայրինը, այսինքն ում վնասելու է, կամ ում օգտակար է լինելու՝ նա իրավունք ունի վերջնական կարծիք հայտնելու։ Այսինքն եթե սվերդլովցին ասում է՝ թողեք Կուրթանում լինի ՀԷԿ, ինչքանով է նպատակահարմար իր կարծիքը հիմք ընդունենք, այլ ոչ թե ազդակիր բնակավայրերի բնակիչներինը։

Պատասխան/ Նարեկ Տոնոյան – Ասեմ, որ ՀԷԿ-ի կառուցումը վերաբերում է երեք բնակավայրերին՝ Ագարակ, Կողես և Յաղդան։ ՀԷԿ-ի ջրընդունիչը կամ պլատինան կառուցվելու է Ագարակ բնակավայրի վարչական տարածքի վերջնամասում՝ սահմանագծի վրա, որից հետո սկսվում է Յաղդանի հողը։ Յաղդանի հողով գնալու է մինչև Կողես, իսկ Կողեսից անցնելու է Կուրթանի հող։ Մենք ի սկզբանե մեր նախագծում ունենք սոցիալական փաթեթ, սոցիալական ծրագրեր, և ներդրումների տեսքով, և միանվագ։ Մեր կողմից աջակցություններ և այլն։ Մեր ՍՊԸ-ում ի սկզբանե եղել է նման մոտեցում, որ մենք չպետք է ունենանք առանձնացված մոտեցում միավորված բնակավայրերի նկատմամբ։ Քանի որ խոշորացված համայնք է, մենք անելու ենք ներդրում, սոցիալական ծրագրեր, օգնություններ։ Մենք որոշել ենք ամեն տարի շուրջ 25 մլն դրամ միանվագ օգնություն ցուցաբերել համայնքին, երեևի կձևավորվի խումբ՝ համայնքի ղեկավարի, ավագանու և ժողովրդի մասնակցությամբ, ինչպես կորոշեք։ Ամեն տարի գումարը հատկացնելուց առաջ կլինի ընդհանուր ժողով։ Ընդհանուր ժողովի ժամանակ դուք ձեր համայնքով կորոշեք թե ի՞նչ առաջնահերթություններ ունեք այդ գումարը նպատակային ծախսելու։ Կցանկանաք ճանապարհի վրա, կցանկանաք լուսավորության, խմելու ջրագծի՝ դուք պետք է որոշեք, մենք այդ գումարը հատկացնում ենք համայնքին։ Բացի միանվագ աջակցությունից՝ մեր ՍՊԸ-ն առանձնացնելու է նաև որոշակի ֆոնդ բնակավայրերում սոցիալական ծրագրեր իրականացնելու համար՝ մեր կողմից։ Կլինեն անապահով ընտանիքներ, զոհվածի ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ, այդ ամենը կլինի գումարային տեսքով, կլինի վառելափայտի կամ վառելիքի տեսքով, կլինի անասուններ բաժանման տեսքով՝ այդ պահը արդեն մեր գործն է, մնացածը՝ ձեր համաձայնությամբ և ձեր որոշմամբ։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի առքուվաճառքին՝ ասեմ, որ մեր երկրում գնում է շուկայի ազատականացում, բայց քանի որ մենք ունենք լիցենզիա, առաջիկա 15 տարին մենք պարտավոր ենք մեր հոսանքը վաճառել ՀԷՑ-ին։ Դրանից հետո, այդ 15 տարիներից հետո արդեն մենք իրավունք կունենանք մեր հոսանքը տնօրինել՝ ըստ մեր ցանկության։ Կավելանան օպերատորներ, հիմա արդեն տենդենցը գնում է, հոսանքը երբ որ կկարողանանք ինքներս տնօրինել այն գնով, որով մենք վաճառում ենք ՀԷՑ-ին, օրինակի համար 25-30 դրամով՝ մենք ուրախ կլինենք, որ այդ նույն գնով վաճառենք ոչ միայն այս համայնքին, այլ ամբողջ տարածաշրջանին։ Եթե դուք թույլ տաք և ունենանք հնարավորություն՝ ավելի լավ, որ տարածաշրջանը այդ առումով մեզանից գոհ լինի։ Մեր կողմից պարտավորությունները իրականացնելու ռեժիմին և իրավական հիմքին, այո', մենք պատրաստ ենք շինթույլտվությունը սկսվելու պահից կնքել պայմանագիր, որտեղ արտացոլված կլինեն և' իմ ասած միանվագ օգնության թիվը, այդ 25 միլիոնը, որի տնօրինումը հետագայում կքննարկվի և շինթույլտվության ստանալու պահից մինչև նույնիսկ շինաշխատանք սկսելը, այդ գումարը յուրաքանչյուր տարի կփոխանցվի համայնքային բյուջե։ Երբ որ մենք ունենանք իրավական հիմք, այս ձորում աշխատանք իրականացնելու՝ այդ պահին էլ դուք կունենաք այն իրավական հիմքը, որով մեզանից կպահանջեք այդ սոցիալական ծրագրերի իրագործումը։

Հարց/ Կարլեն Վերմիշյան – Աշխատանքները ընթանալու ընթացքում պարզ է, որ բանվորներ են պահանջվելու, շինարարներ են պահանջվելու, դրանից հետո մենք համոզված լինե՞նք, որ օրնակի համար 100 հոգի աշխատող է լինելու ՀԷԿ-ում և դրանից գոնե 80 հոգին պետք է լինեն կոնկրետ այս բնակավայրերի բնակիչներից, այսինքն այդ ամենը չկառուցվի ու հետո պետք գա 50 հոգի մասնագետ ու պարզվի որ մեր մեջ էլ չկան մասնագետներ, ու չգան ասենք Երևանից, Աշտարակից, թող այդտեղից էլ լինեն, բայց մեծամասնությունը լինի կոնկրետ մեր բնակավայրերից։

Պատասխան/ Նարեկ Տոնոյան – Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ որ գնում ես հեռու շրջան, այդ ամենը հաշվի ես առնում, որ աշխատուժը պետք է լինի տեղական։ Երևանից ոչ մեկ չի գալու մտնի այդ ձորը, աշխատի, և շինարրության ընթացքում և շինարարությունից հետո։ Միգուցե՞ մասնագետներ գան՝ հիդրոինժեներ, հիդրոմեխանիկ կամ այնպիսի նեղ մասնագետ, որը այս տարածաշրջանում չկա։ Ե'վ բանվորական ուժ, և' շինարար, և' վարորդ, և' հավաքարար, իսկ հետո ՀԷԿ-ում օպերատոր լինելու են ազդակիր բնակավայրերից։ Պլատինան, որ գտնվելու է ձեր բնակավայրի տարածքում, ասեմ, որ գոնե վեց աշխատակից լինելու է պլատինայի տարածքում։ Շինարարության ընթացքում շուրջ 150 հոգի ներգրավված է լինելու շինաշխատանքներում։

Հարց/ Վահրամ Պապիկյան – Անցած տարի երաշտի՝ սակավաջրության պատճառով Լոռի ՋՕԸ-ն չի հասցրել Օձուն ջուր հասցնի, ու այս տարի դիմել են կառավարությանը, որ ձեր ասած տարածքից ջուր վերցնեն պոմպակայաններով, որպեսզի ջուր հասցնեն և Օձունին ոռոգման համար ջուր տան։ Այսինքն ուզում եմ իմանալ, այս ամենը հաշվի առած է թե՞ չէ։

Պատասխան/ Նարեկ Տոնաոյան – Ուրեմն նախ առաջինը նշեմ, որ Լոռվա ջրանքը ջուր վերցնում է Տաշիր գետից, դա մեր պլատինայից 10 կմ հեռու է։ Այն հատվածը, որտեղ մենք պետք է կառուցենք մեր ՀԷԿ-ը՝ Ագարակի ձորից մինչև Կուրթան ոչ մի պոմպակայան չկա, երևի Ամրակիցի պոմպակայանի հետ եք, խնդրում եմ պոմպակայանի անուն չտաք, այս հատվածում պոմպակայան չկա։

Պատասխան/ Արայիկ Ներսիսյան – Պոմպակայան կա, ճիշտ են ասում,           Յաղդան - Կողես հատվածում։

Պատասխան/ Նարեկ Տոնոյան – Գիտեմ, որ Ամրակիցում նախկին պոմպակայան կա, որը հիմա չի գործում։ Կառավարության որոշումով դադարացվել է դրանց գործարկումը, քանի որ հոսանքի ծախսը շատ է։ Ուրեմն մենք սոցիալական ծրագրի մի մաս ունենք, եթե համայնքը կառավարության հետ կհամաձայնեցնի և կունենա համապատասխան ՋԹ՝ գետից այդքան ջուր մղելու, մենք մեր ուժերով պատրաստ ենք այդ բոլոր պոմպակայանները վերագործարկել և վերակառուցել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր ասած կեղտաջրերի հոսքին՝ նախկինում այս գետի բնապահպանական թոհքը նախատեսված էր 1մ3, հետո բնապահպանական թոհքը ավելացրեց կառավարությունը, հիմա բնապահպանական թոհքը 3,6 մ3  է։ Հունվար ամսին այդ գետով հոսում է 7մ3 –ից ավել ջուր, որի տվյալները տալիս է Ստեփանավանի ջրաչափական կայանը, դա նվազագույն միջինն է, որը վերցրված է 1950 թվականից այս կողմ, ինչքան տարեկան չափումներ կան՝ դրա միջինն է 7,5 մ3 –ը։ 7,5 մ3-ից ես վերցնում եմ 2,5մ3-ը, գետում մնում է 5մ3 , 5մ3 –ից 3,5 մ3-ը բնապահպանական թոհքն է, որը անցնելու է ձկնուղիով, իսկ 1,5 մ3-ը թափվելու է պատվարի վրայով։ Եվ հաշվի առնելով, որ ձեր տարածաշրջանում չկան կեղտաջրերի մաքրման կայաններ՝ դրանով պայմանավորված՝ կառավարությունը ավելացրեց բնապահպանական թոհքը3 –ից դարձրեց 3,5 մ3։ Այդ ջրի քանակը լրիվ ապահովվում է, որ ես ստանամ իմ ՋԹ-ով նախատեսված մինիմալ ջուրը։

Պատասխան/ Էդուարդ Մկրտչյան  Նախագիծը իրականացված է այնպես, որ անկախ շահագործող անձնակազմից՝ առաջնահերթ աշխատում է ձկնուղին։ Այսինքն՝ առաջնահերթ վերցնում է սանիտարական ելքը, նոր ՀԷԿ-ն է աշխատում։ Կառույցը այդպես է, մակարդակներն արված են տարբեր։ Այսինքն եթե ջուր չկա՝ ավտոմատ ՀԷԿ-ը չի աշխատում։ Եթե այլ հարցեր չկան՝ կխնդրեմ պարոն Ներսիսյանը ամփոփի։

Ամփոփում/ Համայնքի ղեկավարի եզրափակիչ խոսք/ Արայիկ Ներսիսյան

Այսօրվա ընթացքում եղան հարցեր, եղան նաև պատասխաններ, ու այնպես էլ չի, որ ամբողջ հարցերը տրվեցին։ Եղան կարծիքներ, որ ինչի՞ չի բոլոր բնակավայրերում, ուրեմն, նախ առաջին հերթին ի՞նչն էր խանգարում բնակավայրի բնակչին այստեղ գալու, այսինքն եթե լիներ իր բնակավայրում՝ կգա՞ր, բայց այս 3 կմ չէ՞ր գա։ Չէ, ճիշտ է ընտրված, որ համայնքի կենտրոնում էր, իմաստը կայանում է նրանում, որ շահագրգիռ մարդը՝ ոչ թե այդ օրվա պարապ մարդն է, որ գյուղամիջում է, այլ որ գյուղից գյուղ են եկել։ Շահագրգիռ մարդիկ են իրենց կարծիքները արտահայտում, և սպասում են իրենց պատասխանին, ոչ թե ընդամենը պարապ էին, եկել են։ Այլ կարծիքներ այսօրվա մեր հանրային լսման վերաբերյալ կա՞ թե՞ չկա, եթե կան մարդիկ, որ չեն հասցրել արտահայտվել, հարցեր կան, որ մնացել են անպատասխան, եթե կան՝ էլի ուշ չէ, խնդրեմ, կարող եք արտահայտվել։ Եթե ինչ որ հարցեր կան անպատասխան մնացած՝ դուք կարող եք առաջիկա հինգ աշխատանքային օրերի ընթացքում ձեր հարցերը, դիտողությունները, առաջարկները ներկայացնել։ Դրանք ամբողջը կցվելու են նյութերին, ներկայացվելու են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին և նախաձեռնողին։ Այսինքն ոչ մի ուշացում չկա, հինգ աշխատանքային օրերի ընթացքում ձեր կարծիքները գրավոր կարող եք ներկայացնել։

  Բնակչության կողմից քննարկումները ծավալվեցին ոչ թե ՀԷԿ լինել կամ չլինելու համար, այլ ՀԷԿ-ի կառուցման դեպքում` որոշակի հարցերի շուրջ: Քննարկվող հարցի վերաբերյալ ամբողջական կարծիք և դիրքորոշում կարող է ձևավորվել հետագա հանրային լսումների արդյունքում:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner