Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Լոռի Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 2
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Լոռի բերդ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Լոռի բերդ համայնք
ՀՀ Լոռիի մարզ, գ. Լոռի բերդ, (0256) 2-14-75, loriberdhamaynq2017@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 մարտի 2025 թվականի N 2

ԳՐԱՆԱՐՄ ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼՈՌԻ ԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂԵՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՅՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ (1-ԻՆ ՓՈՒԼ)

 ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Կողես

Ս.թ. մարտի 03-ին ժամը` 12:00-ին Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացավ <<Գրանարմ>> ՍՊ ընկերության կողմից Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում երկրաբանական հետախուզական աշխատանքներ իրականացնելու և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ կազմակերպված հանրային լսման և (կամ) քննարկման 1-ին փուլը:

Հանրային քննարկումը վարեց Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավար` Արսեն Մամաջանյանը: Հանրային լսմանը ներկա էին նախաձեռնողը` <<Գրանարմ>> ՍՊԸ տնօրեն` Դավիթ Ազատյանը, <<Էլ Էն Դի>> ՍՊԸ տնօրեն` Արտակ Անտոնյանը, Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար` Անի Մարտիրոսյանը և Կողես բնակավայրի բնակիչներ` թվով 23 մարդ (մասնակիցների ցուցակը և տեսաձայնագրությունը կցվում է):

Լսման սկզբում, ողջունելով ներկաներին` Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը ներկայացրեց հանրային լսման նպատակը, նշելով, որ <<Գրանարմ>> ՍՊԸ-ն հայտ է ներկայացրել և ցանկանում է ստանալ թույլտվություն Լոռի Բերդ համայնքի Կողես բնակավայրում գտնվող մոտ 4,5 հա մակերեսով տարածքում երկրաբանական հետազոտություններ իրականացնելու համար: Հավելեց նաև, որ հայտը ստացել են ս. թ. հունվարի 30-ին, և պահպանելով սահմանված կարգը, ծանուցման ժամկետները` նշանակվել է հանրային լսում:

Կողես բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը խոսքը փոխանցեց <<Էլ Էն Դի>> ՍՊԸ տնօրեն` Արտակ Անտոնյանին, ով հանդիսանում է <<Գրանարմ>> ՍՊԸ ներկայացուցիչ: Արտակ Անտոնյանը նախ ողջունեց ներկաներին, այնուհետև ներկայացրեց, որ ցանկանում են իրականացնել երկրաբանական հետազոտություններ: Հետազոտությունները կիրականացվեն Կողես բնակավայրից մոտ 1,3 – 1,4 կմ դեպի հյուսիս-արևելք, այժմյան շահագործվող հանքավայրերի հարևանությամբ: Արտակ Անտոնյանը ներկայացրեց, որ ըստ օրենսդրության` հանքավայրում արդյունահանման թույլտվություն ունենալու համար պետք է անցնել 2 փուլ` առաջինը դա երկրաբանահետազոտական փուլն է, որի ժամանակ ուսումնասիրվում է տարածքը, օգտակար հանածոների որակական և քանակական հատկանիշները, լիազոր մարմնի կողմից հաստատվում են ուսումնասիրված հանածոների որակական և քանակական հատկանիշներ, այնուհետև դիմում են արդյունահանման թույլտվություն ստանալու համար: Համայնքի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո կայանում է հանրային քննարկման երկրորդ փուլը, որը իրականացնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության փորձագիտական կենտրոնը: Երկրաբանահետազոտական աշխատանքները կատարվելու են նոր տեխնալոգիաների միջոցով, որը հնարավորինս քիչ կվնասի թե բնությանը, և թե բնակչությանը:

<<Քաղաքացու ձայնը>> մեդիա հարթակի ներկայացուցիչ Ջուլիա Ամիրաղյանը հարց ուղղեց նախաձեռնողին. եթե՞ հայտնաբերվեն մեծ քանակությամբ պաշարներ, հետագա պլաններ կան դրանց հետ կապված, թե՞ ոչ:

Արտակ Անտոնյանը պատասխանեց, որ իհարկե հետագա պլաններ կան: Ընկերությունը իր միջոցների հաշվին է իրականացնելու երկրաբանահետազոտական աշխատանքները, և նպատակ ունի հետագայում` թույլտվություն ստանալուց հետո, պաշարները հանի և օգտագործի:

Այնուհետև խոսեց Կողես բնակավայրի վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը, նշելով, որ նշված հատվածում առաջին ուսումնասիրությունները իրականացվել են 1930-ական թվականներին, իսկ ներկա պահին նշված տեղամասի հարևանությամբ երկու գործող հանքավայր կա, սա լինելու է թվով երրորդը, ուստի բնակիչները նոր չեն առնչվում նման գործողությունների հետ և կարող են վերջիններիս հուզող և հետաքրքրող հարցեր լինեն:

Հարց ուղղեց նաև Լոռի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Անի Մարտիրոսյանը, թե ընկերությունը նախատեսվող աշխատատեղերի մասով նախապատվությունը տալու է տեղի բնակիչներին:

Արտակ Անտոնյանը պատասխանեց, որ երկրաբանահետազոտական աշխատանքները իրականացնելու ընթացքում կլինեն համապատասխան աշխատատեղեր, և իհարկե նախապատվությունը տրվելու է տեղի բնակչությանը, և եթե լինեն նեղ մասնագետներ ևս` ապա դրա դեպքում ևս նախապատվությունը կտրվի տեղի բնակչությանը: Աշխատանքները իրականացվելու է ընկերության միջոցների հաշվին, արդյունահանման փուլում կլինի սոցիալական փաթեթ, որը կամրագրվիերկկողմ պայմանագրով, դա օրենքի պահանջ է, և այն չիրականացնելու դեպքում պետությունը կարող է ընկերությունից հետ վերցնել լիցենզիան: Սակայն այս ամենի մասին մանրամասն կքննարկվի երկրորդ հանրային քննարկման ժամանակ:

Բնակիչներից հարցրեցին վնասի ռիսկերի վերաբերյալ, իսկ Արտակ Անտոնյանը պատասխանեց, որ վնասի ռիսկերի մասին կոնկրետ չի կարող խոսել, քանի որ չգիտի, թե ինչքան պաշար կա, ինչ մեծության և խորության,այդ ամենը պարզ կլինի արդեն երկրաբանահետազոտական աշխատանքները իրականացնելուց հետո, ինչի մասին կտեղեկացնենք երկրորդ լսման ժամանակ, եթե իհարկե ստանանք համայնքի համաձայնությունը:

Արսեն Մամաջանյանը շեշտեց նաև, որ իր գյուղի բնակիչների կարծիքը մեծ նշանակություն ունի, քանի որ իրենք են անմիջապես առնչվում այս հարցին, իսկ Ջուլիա Ամիրաղյանը հավելեց, որ այս փուլում է, որ բնակիչների ձայնը կարող է ազդեցիկ լինել, և որոշումը կարող է դրա հիման վրա կայացվի:

Խոսքը շարունակեց Արտակ Անտոնյանը, նշելով, որ սա մետաղական հանքավայր չէ, այն բնակչության առողջությանը վնասի առումով չնչին է, միայն փոշի է լինելու, որի համար համապատասխան միջոցներ կիրականացվեն:

Բնակավայրի բնակիչ` Ռադիկ Պողոսյանը նշեց, որ շատ լավ կլինի, որ հանքավայրը աշխատի, նոր աշխատատեղեր կլինեն, բնակիչներին օգտակար կլինի նաև նրանով, որ քար պետք լինի` կտրամադրեն:Ընկերության ներկայացուցիչը հավաստեց, որ իսկապես պատրաստ են մշտապես օգտակար լինելու բնակավայրի բնակչությանը` ինչով որ կկարողանան:

Վերջում բնակիչները տվեցին իրենց համաձայնությունը երկրորդ փուլի քննարկում իրականացնելու համար, իսկ վարչական ղեկավար Արսեն Մամաջանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին մասնակցության համար:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50840590@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԼՈՌԻ ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner