ՀՀ Լոռու մարզ, Լոռի Բերդ համայնք, գ. Ագարակ
Սույն թվականիսեպտեմբերի 11-ին ժամը 12։00-ին ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ քաղաքացի Վահան Ռշտունու կողմից ՀՀ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի մերձակայքում ձեռնարկվող հանգստի և տուրիզմի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և փորձաքննություն վերաբերյալ երկրորդ հանրային քննարկումը:
Քննարկմանը ներկաէինԼոռու մարզպետի աշխատակազմի, Ագարակ բնակավայրի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ձեռնարկողի, «Քոնսեկոարդ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները և համայնքի բնակիչները (մասնակիցներիցանկը ստորագրություններով և տեսաձայնագրությունը կցվումեն արձանագրությանը):
Բացման խոսքով հանդես եկավ Ագարակ բնակավայրի վարչական ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը։ Նա ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց ներկա գտնվելու համար։ Այնուհետև ներկայացրեց հանրային քննարկման առարկան, նշեց, որ սա երկրորդ հանրային քննարկումն է, որից հետո խոսքը փոխանցեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Ռուզան Մակինյանին։
Ռ. Մակինյանը ներկայացավ, նշեց, որ համաձայն` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի այս գործունեությունը ենթակա է բնապահպանական փորձաքննության և համառոտ ներկայացրեց օրենքի պահանջները։ Նշեց, որ օրենքի պահանջներից ելնելով, հաշվետվությունն ուղարկվել է նախարարության համապատասխան ստորաբաժանումներին և գերատեսչություններին: Ներկայացվել են առաջարկություններ և դիտողություններ, որոնց հիման վրա հայտը լրամշակվել է։ Այնուհետև խոսքը փոխանցեց «Քոնսեկոարդ» ՍՊ ընկերության տնօրեն Վռամ Թևոսյանին։
Վ. Թևոսյանը ներկայացավ, համառոտ ներկայացրեց նախատեսվող գործունեության բնութագիրը, դրա հետևանքով հնարավոր բնապահպանական ռիսկերը և դրանց մեղմմանն ուղղված միջոցառումները։ Ներկայացրեց, որ շինարարության ընթացքում հիմնական բնապահպանական ռիսկը կապված է շինարարական տեխնիկայի աշխատանքի, ինչպես նաև հողի բերրի շերտի կտրման, պահպանման և հետագա օգտագործման հետ։ Ավելացրեց, որ շահագործման փուլում անտառների պաշտպանության համար պետք է իրականացնել համապատասխան միջոցառումներ, կպահպանվեն բոլոր կանոնները՝ հնարավորինս նվազագույնի հասցնելով ազդեցությունը։
Ռ. Մակինյանն ավելացրեց, որ եթե հանգստյան գոտու այցելուներից որևէ մեկը վնաս հասցնի անտառին, ապա համայնքը կստանա համապատասխան փոխհատուցումը։
Ելույթով հանդես եկավ ձեռնարկող Վահան Ռշտունին։ Նա ներկայացրեց, թե ինչու են որոշել հենց Ագարակ գյուղում կառուցել հանգստի և տուրիզմի կենտրոն։ Ասաց, որ նախատեսվում է կառուցել սպորտային համալիր՝ լողավազանով, որը ոչ միայն կներգրավի զբոսաշրջիկներին ձմռան ամիսներին, այլև հասանելի կլինի հարակից բնակավայրերում բնակվող երեխաներին, ովքեր ներկայումս չունեն հնարավորություն սպորտով զբաղվելու։ Ավելացրեց, որ հանգստի կենտրոնի շահագործումը դրական ազդեցություն կունենա նաև գյուղի զարգացման վրա։
Հնչեցին հարցեր Ագարակ բնակավայրի բնակիչների կողմից.
Հարց/ Վալերիկ Չատինյան - Ե՞րբ է նախատեսվում սկսել շինարարությունը, և արդյոք հնարավո՞ր է այդ աշխատանքներում ներգրավել տեղի բնակչությանը և իրենց պատկանող տեխնիկան։
Պատասխան/ Վահան Ռշտունի - Շինաշխատանքները կսկսվեն օրենքով սահմավնած որոշակի գործընթացներն ավարտելուց անմիջապես հետո, իսկ շինաշխատանքներում բնականաբար առաջնահերթությունը տրվելու է տեղի բնակչությանը և տեխնիկային։
Հարց/ Վալերիկ Չատինյան - Արդյո՞ք հնարավո՞ր է, որ գյուղի երեխաները օգտվեն սպորտային համալիրից։
Պատասխան/ Վահան Ռշտունի - Սպորտային համալիրը հասանելի կլինի բնակավայրի երեխաներին։
Ագարակ բնակավայրի բնակիչ Ռշտունի Դանիելյանը իր ելույթում ասաց, որ որպես բնակիչ ողջունեում է նախատեսվող գործունությունը և պատրաստակամ է աջակցելու ցանկացած հարցում։
Քննարկման մասնակիցները նշեցին, որ ներկայացված նախնական գնահատման հայտի, ինչպես նաև նախատեսվող գործունեության աշխատանքների վերաբերյալ առարկություններ չունեն և հավանություն են տալիս նախատեսվող գործունեությանը: